Տեսակետ

Այս քայլը հանգեցնելու է անասելի բարձր հակադրության

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ուկրաինայի վրա հարձակման բարոյական, արժեհամակարգային, քաղաքակրթական ասպեկտների առումով մեկնաբանությունները ավելորդ են: Ընդհանրապես, դրանք ավելորդ են ցանկացած պատերազմի առումով, ում դեմ էլ նախաձեռնվի այն:
Դրանից այն կողմ կա խնդրի քաղաքական կողմը, և այստեղ արդեն ոչինչ միարժեք չէ: Սա աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարում թե՛ առաջին, թե՛, ցավոք սրտի, վերջին պատերազմը չէ:
Որն է այս պատերազմում Պուտինի նպատակը՝ իրենից բացի՝ հայտնի է թերևս միայն ամերիկյան հետախուզությանը: Անկասկած է, որ այս պատերազմում առկա են ոչ միայն «Պուտինի նպատակներ»:
Այդպիսի պատերազմը, ինչպես հեղափոխությունը, իրականություն է դառնում միայն բազմաթիվ նպատակների և շահերի «համադրվածության կրիտիկական աստիճանի» պայմաններում: 
Այլ հարց է, թե ում կամ որ նպատակը ինչքանով է իրականանում: Եթե Պուտինին հաջողվեց լուծել այն խնդիրները, որ դրել է իր առջև, ապա, մեծ հավանականությամբ, նա և թիմի որոշակի մասն ինչ-որ կերպ 2024թ․ կամ դրան ընդառաջ կհեռանա՝ ռուսական հանրության համար «փառքով»: Այդ հեռացումը անհրաժեշտ կլինի՝ Արևմուտքի հետ ՌԴ հարաբերությունը լիցքաթափելու համար, քանի որ այս քայլը, բնականաբար, հանգեցնելու է անասելի բարձր հակադրության: Իսկ Ռուսաստանը չի կարող երկարատև ռազմավարական գոյություն պահպանել՝ առանց Արևմուտքի հետ հարաբերության: 
Նրա հեռացումը կարող է դառնալ միջոց, երբ Ռուսաստանը «հետ չի քաշվի» Պուտինի հաստատած ստատուս-քվոյից, բայց կգտնվի Արևմուտքի հետ երկխոսության եզր՝ նոր «պերեստրոյկայի» տրամաբանությամբ:
Սա, իհարկե, հնարավոր վարկած:
Իսկ պատերազմը, լինելով քաղաքականության գործիք, սարսափելի ու վայրենի երևույթ է, առնվազն՝ որովհետև աշխարհում կան երեխաներ»: