Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ի վերջո, ինչի՞ մասին էր Պուտինի անհամոզիչ տեքստը։ Բացարձակապես ոչնչի։ Պուտինը խոսեց, թե ինչ վատ կլինի, եթե Դոնեցկում ու Լուգանսկում ՆԱՏՕ-ի հրթիռներ տեղակայվեն։ Իսկ եթե դրանք տեղակայվեն Կիևում, Խարկովում ու Չերնիգովում, դրանից ավելի հե՞շտ կլինի։ Երկու քվազի-պետություննների ճանաչմամբ՝ նա պայմանավորեց Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացումը։ Կա՞ որևէ ողջամիտ մեկը, որ իրականում ճիշտ դրա հակառակը չի տեսնում՝ Ռուսաստանի նկատմամբ ատելության կրակի վրա եռացող տասնյակ միլիոնանոց թշնամական մի «կաթսա»-երկիր։ Ելույթից հետո ԱՄՆ-ը հայտարարեց Մերձբալթյան երկրներում իր ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին։ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ամենամեծ հավանականության համար մնում է իրական պատերազմ սկսել Դոնբասում։ Այսինքն, այդ քայլերով ստացավ ուղիղ հակառակ արդյունքը, ստացավ ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն՝ հենց իր սահմաններին։
Կամ պատմական արդարության վերականգնման մասին նրա պատմությունը ո՞ր շրջանից է սկսվում։ Գուցե մի փոքր էլ ետ գնա ու կամավոր մտնի մոնղոլ-թաթարական լծի տակ ու մոնղոլ խաների արձաննե՞րը կանգնեցնի՝ Լենինի ու Պյոտր 1-ի արձանների փոխարեն։
Իսկ ի՞նչ ստացավ։ Գործնականում ի՞նչ փոխվեց՝ մարիոնետային երկու պետությունների ճանաչմամբ։ Դե-ֆակտո՝ ոչինչ։ Ինչպես նախկինում, կոնֆլիկտը զարգանում է ՌԴ-ի համար անբարենպաստ սցենարով՝ խաղաղության նրա պայմաններն արհամարհվեցին, դրան ավելացան պատժամիջոցներ, որոնք Պուտինին առանձնապես ոչնչով չեն սպառնում, բայց բնակչության բարեկեցության վրա կազդեն։ Եթե նախկինում նա խոսելու տեղ ուներ ու խոսում էր Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում մնալու երաշխիքների մասին, ապա իրադրության՝ իր համար անբարենպաստ զարգացման դեպքում այդ խնդիրն էլ կարող է մեծ հարցականի տակ դրվել։ Ասում են՝ բանակը կոնֆլիկտի գոտում տեղակայելու իրավունք ստացավ։ Դե, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, ամեն ինչ նույնն է, միայն թղթաբանությունն է ավելացել։ Նախկինում էլ ուկրաինական զորքերի դեմ ռուսական բանակի զենքն էր կիրառվում, և ռուս զինվորներն էին կռվում։ Այս դեպքում, թերևս, հնարավոր կլինի զոհերի վիճակագրությունը ամենօրյա ռեժիմով հեռուստատեսությամբ հայտնել ու զինվորների հուղարկավորության ծեսերը շքեղ կազմակերպել՝ գաղտագողիի փոխարեն։
Քվազի-պետությունների ճանաչմամբ համաշխարհային հանրության դեմ Պուտինի «դեմարշը» նույնպիսի բուտաֆորիա էր, ինչպես ժամանակին Սերբիայում «հանկարծակի» հայտնված ռուսական տանկերի շարասյունը։ Շարասյունը նույն հաջողությամբ էնտեղից չքվեց, բայց մուտքը բավականին տպավորիչ էր։ Դա նաև նման էր գերմանական «Լեոպարդ» տանկի դեմ հասակով մեկ անզեն ելած ռուս մուժիկի հերոսական արարքին. «За родину, за Сталина!»։ Կյանքի համար նույնքան վտանագավոր, իսկ արդյունքի տեսանկյունից՝ բացարձակապես անիմաստ։ Էս դեպքում, թերևս, դա տուրք էր առնական մաչոյի՝ նրա երբեմնի կերպարին, ինչը նրա էգոն, իհարկե, կբավարարի, բայց աղետալի հետևանքներ կունենա բնակչության համար։
Եվ նման տեքստերով նա մեկ իր նման ռուս մուժիկներին կոգևորի, մեկ էլ՝ ռսի օրհնված սապոգի համը կարոտած որոշ հայերի, որոնք տեքստը լսում են, բայց բովանդակության ու դրանից բխող պատճառա-հետևանքային կապերի վրա թքած ունեն։
Ափսոս։ Տարածաշրջանը մի քայլ էլ մոտեցավ նոր թեժ պատերազմի, որտեղ երկու կողմերից էլ հայեր կկռվեն ու կզոհվեն։ Ընդ որում, դա կանեն առավել ոգեշնչված, քան տեղի էր ունենում արցախյան պատերազմի ժամանակ»։