ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ուկրաինական թեմատիկայի անխտիր առկայությունը ռուսական հեռուստաեթերում՝ 2005-ից մինչ օրս, Պուտինի երեկվա ելույթում Ուկրաինայի ահռելի բաժինը, արդեն մեկ տարուց ավել ռուս քարոզիչների, քաղաքական գործիչների ու փորձագետների շուրթերով շրջանառության մեջ դրված «ինչու չենք մենք էլ միջազգային իրավունքը մի կողմ դնում ու անում այն, ինչ մեր շահերից է բխում» թեզը, ժիրինովսկիների կողմից անգամ ուկրաինական դրամայի ամսաթիվ հնչեցնելը ցույց են տալիս, թե ինչու պետք է Արցախում պատերազմը մինչ դա լիներ։ Որպեսզի Ռուսաստանի ինստիտուցիոնալ ներկայության խնդիրը լուծված լիներ ու իր փորատակից անակնկալներ չստանար՝ մինչ նա զբաղված կլինի գլխավոր ճակատամարտով՝ Ուկրաինայով։ Իսկ այնտեղ ամեն ինչ նոր է սկսվում, քանզի սեղանին բացարձակ Դոնեցկի ու Լուգանսկի խնդիրը չէ, որ դրված է, այլ ավելի մեծ բան՝ Ուկրաինայի ու Կիևի հարցը: Ըստ այդմ, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2008-ի համեմատությամբ մեկ մակարդակ բարձր դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումն այսօր տեղավորվում է Ռուսաստանի արևմտյան՝ ուկրաինական այդ նպատակների, և հարավային՝ կովկասյան մտահոգությունների շրջանակում, և Ռուսաստանի համար հարավային ֆլանգը երաշխավորված կայուն պահելու գործիք է դիտարկվում։ Սակայն Ալիևը դրա համար կրկին գին է պահանջում. երկուսով կրկին ռեստորան են գնացել, ու, ըստ երևույթին, կպահանջեն, որ երրորդը վճարի, ինչպես 2020թ.։
Կհարցնեք՝ լուծու՞մը։ Պատասխանն է՝ օր առաջ ոտքի կանգնել, սպիացնել բոլոր վերքերը, հզորանալ, կարողանալ պատշաճ ապահովել սեփական պաշտպանությունը ու ոտքի տակ չընկնել»։