Տեսակետ

Ռուսաստանը պատասխանատվությունը թողնում է Ուկրաինայի վրա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այն, որ խոսվում է ինքնահռչակ հանրապետությունները դե ֆակտո եղած սահմանով ճանաչելու մասին, դեռ երաշխիք չէ, որ կա վարչական դե յուրե սահմաններ դուրս գալու պլան: Ի վերջո, պաշտոնապես չեն հայտարարի, որ ճանաչում են դե յուրե սահմաններով: Ինչպես սպասելի էր, Ռուսաստանն ընտրել է պատասխանատվությունն Ուկրաինայի վրա թողնելու տարբերակը: Եթե հայտարարի, որ ճանաչում է դե յուրե վարչական սահմաններով, այդ դեպքում ռազմական պլանի պատասխանատվությունը կվերցնի իր վրա:
Այդ իսկ պատճառով հայտարարվում է դե ֆակտո սահմանով, այսինքն՝ շփման գծով ճանաչման մասին: Իսկ ուղերձը Պուտինը ավարտում է՝ հայտարարելով, որ Ուկրաինային կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, այլապես հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կընկնի Կիևի վրա:
Կրկնեմ՝ ռազմական պլանի պարագան նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ: Կասկած չկա, որ սցենարների մեջ Ռուսաստանը ունի դա: Հարցն այն է՝ կա՞ որոշում, թե՞ ոչ: Համենայն դեպս, Պուտինի ուղերձի բովանդակությունն այնպիսին էր, որ փաստացի դնում էր շատ ավելի մեծ հարց, քան միայն ինքնահռչակների խնդիրը:
Եվ թերևս ուշադրության արժանի առանցքայիններից մեկը՝ Շոյգուի հայտարարությունը ԱԽ նիստում, որ Ուկրաինան ունի միջուկային զենք ստանալու առավել մեծ ներուժ, քան Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Ունի ՍՍՀՄ-ից մնացած ենթակառուցվածքներ, անհրաժեշտ օբյեկտներ և մասնագետներ: 
Սա էլ, եթե խաղադրույքը բարձրացնելով՝ նվազագույնին ուղղված հետևանքը մեղմելու խնդիր չէ, ուրեմն առավել մեծ հարվածային խնդրի ձևակերպման նախաբան է»: