ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ուկրաինայի երկու ռեգիոնների ճանաչումով Ռուսաստանը Արևմուտքին ընտրություն է պարտադրում՝ կամ պատերազմի մեջ մտնել իր դեմ այդ «չնչին» տարածքների համար, կամ համակերպվել՝ թեկուզև ծանր պատժամիջոցներ կիրառելով իր դեմ։ Եվ Ռուսաստանն այդ տնտեսական ու քաղաքական մեծ գինը վճարելուն համաձայնվում է, քանի որ իր համար ավելի ծանր կլինի «կուլ տալ» ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումն Ուկրաինայի հաշվին։ Անշուշտ, Արևմուտքն այդ ռեգիոնների համար չի նախընտրի պատերազմը, բայց, Ռուսաստանին ծանր գին վճարել պարտադրելուց զատ, կփորձի նատօիզացնել Ուկրաինան։ Իսկ այդ ծանր գինը վճարելուն զուգընթաց՝ Ռուսաստանն էլ փորձելու է գոնե դա կանխել՝ այդ երկու ռեգիոնները կատարյալ գորշ գոտու վերածելու տեսքով, որտեղ Ուկրաինան երբեք իրեն հանգիստ ու անվտանգ չի զգալու։ Իսկ Արևմուտքում էլ դժվար այդքան խանդավառված լինեն՝ այդպիսի երկրի հետ նույն դաշինքում լինելով։
Մի խոսքով՝ վատ ժամանակներ են սպասվում բոլորիս։ Արևմուտքը մտածում էր, թե Կովկասում մեր հաշվին Ռուսաստանին տալով իր ուզածը, այլ բան կստանա Արևելյան Եվրոպայում։ Չի ստանա։ Սա չի նշանակում, թե այս խաղում Ռուսաստանը հաղթող է։ Այստեղ բոլորը վաղուց պարտված են»։