Տեսակետ

Պետությունը սկսվում և վերջանում է քաղաքականությամբ

Հրապարակախոս Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պետությունը սկսվում է քաղաքականությունից և վերջանում է քաղաքականությամբ։
Ցանկացած գործողություն կատարելու համար պետք է կարողանալ որոշում կայացնել և իրագործել այդ որոշումը։
Որոշում կայացնում եք՝ ելնելով կարիքներից, որոնք, սակայն, խորապես հենվում են արժեքների վրա, իսկ արդեն կայացրած որոշումը իրականություն դարձնելիս՝ օգտվում եք ձեր հմտություններից, գիտելիքներից։
Այդպես է նաեւ պետականության դեպքում։ Որոշումները կայացվում են արժեքներից ելնելով. դրանց ասում են քաղաքականություն (politics)։ Այդ որոշումները իրականացվում են մենեջերների միջոցով (policy), որը մենք նույնպես անվանում ենք քաղաքականություն, և այդտեղ սկսվում է խառնաշփոթը։
Լավ մենեջեր լինելը բավարար չէ՝ ճիշտ քաղաքական գործիչ լինելու համար, եթե դու արժեքային մակարդակում կողմնորոշված, ինքնորոշված չես։ Եւ լավ քաղաքական միտք ունենալը բավարար չէ՝ գաղափարը հաջող իրականացնելու համար, եթե դու համապատասխան գիտելիքների չես տիրապետում։ 
Հաջողել են այն ժողովուրդները, որոնք կարողացել են երկուսի` politics (որոշում կայացնողների)  և policy (իրականցնողների) հաջող համադրություն ստանան։
Դրա համար, երբ ասում եք` մեզ պետություն ունենալու համար պետք են բիզնեսմեն ղեկավարներ, պետք են գիտնականներ, հաշվի առեք այս առանձնահատկությունը։
Պետությունը սկսվում է քաղաքականությունից (politics) և վերջանում քաղաքականությամբ (policy)»: