Տեսակետ

Միֆեր ղարաբաղցիների մասին

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Միֆեր ղարաբաղցիների մասին։
Ղարաբաղցիներին կշտամբում են, թե ինչու են գալիս Երևան և այստեղ բնակվում։ 
Իսկ ո՞ւր եք առաջարկում գնալ, եթե առնվազն վերջին 70-80 տարիներին հայերի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական և մշակութային կենտրոնը Երևանն է։ 
Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղերքին հաճախ հարցնում էի, թե կո՞ղմ են ՀՀ-ի հետ միավորմանը, պատասխանը, որպես կանոն, բացասական էր, իսկ հետո հաջորդում էր մյուս հարցը՝ Երևանը, Գյումրին, Էջմիածինը քոնը համարո՞ւմ ես։ Պատասխանը՝ հաստատուն «այո»։ Սա, իմ տեսանկյունից, սոցիալական և մշակութային անոմալիա է, որի մեջ միահյուսված են միաժամանակ և՛ նույնությունը և՛ տարբերությունը։ 
Ղարաբաղցիներին ամենից շատ մեղադրում են դասալքության, ձրիակերության և տարատեսակ այլ մեղքերի մեջ։ Բայց եթե ուշադրություն դարձնենք չոր փաստերին, կտեսնենք, որ այդ մեղադրանքները ոչ միայն անլուրջ են, այլև կոնկրետ քարոզչական բնույթ ունեն։ 
Իհարկե, Հայաստանը ինչպես նյութական, այնպես էլ մարդկային ծանր կորուստներ ունի, բայց, այնուամենայնիվ, ամենակործանարար և անվերականգնելի հարվածը ստացել է հենց Ղարաբաղը։ Այսինքն, կորուստների առումով՝ համեմատությունը ընդհանրապես տեղին չէ, ոչ վիճակագրական, ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Մի՞թե Ղարաբաղի կորուստները մերը չեն, կամ այնքան ենք հիմարացել, որ արդեն մերը չենք համարում։ 
Ընդհանրապես, դասալքությունը պատերազմի պարտադիր բաղադրիչներից մեկն է, առանց դրա հնարավոր չէ և չի էլ լինում։ Այս առումով՝ դասալիքներ եղել են և՛ Ղարաբաղից և՛ Հայաստանի բոլոր ռեգիոններից։ Սա ցավալի, բայց օբյեկտիվ իրականություն է։ 
Իսկ ինչո՞ւ են էդ պիտակը կպցնում այդքան զրկանքներ կրած, հրետակոծված և հոշոտված ղարաբաղցիներին։ Ենթադրվում է, որ էս ամենը հատուկ կազմակերպվում է քաղաքական մի քանի տականքների կաշին փրկելու համար, այն էլ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը զուգընթաց։ 
Էս նենգ քարոզչությանը հավատացող մեր տգետ քաղաքացիներին հորդորում եմ նայել չոր վիճակագրությանը․ քանի հոգի է զոհվել Հայաստանից, և քանի հոգի Արցախից, ու այդ թվերը դիտարկել 2.9 միլիոնի և 150 հազարի տոկոսային հարաբերակցության մեջ»։