ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մամուլում աղմկում են, որ «Հայաստան» խմբակցությունը Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության նախագիծ է շրջանառել, բայց իշխանական պատգամավորները «տապալել են այդ հայանպաստ որոշումը»։ Թե ԱԺ հայտարարությունն ինչ իրավական հետևանքներ պիտի ունենա այլ երկրների միջև ստորագրված և վավերացում անցած պայմանագրի գործնական կիրառման վրա, ինչպես պիտի այն դարձնի «հայանպաստ», քննարկման թեմա է։ Վատ է, որ Հայաստանը բախվում է նման մարտահրավերի։ Բայց «Հայաստան» խմբակցությունում քաղաքական ուժ և անհատներ կան, որ 2011թ․-ին, Կազանի փաստաթուղթը «ջրելուց» հետո, իշխանության մեջ էին և, որքան հիշվում է, ծպտուն իսկ չեն հանել, երբ Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին ու վավերացրին ռազմական փոխօգնության և համագործակցության մասին բազային պայմանագիրը, որի մասին ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը մամուլում բաց տեքստով հայտարարեց, թե դա «նշան է, որ Բաքուն պատրաստվում է խաղաղ բանակցությունների հնարավոր խզմանը և Ղարաբաղի համար Հայաստանի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը»։ Ի՞նչ արեցին իրենք, որպեսզի կանխեն դեպքերի՝ նման զարգացումը, ի՞նչ հակադրեցին թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիային։ Հայաստան-Ռուսաստան «միասնական ՀՕՊ համակա՞րգ»։ Ռուս-հայկական միացյալ զորախու՞մբ։ Տեսանք, թե դրանք ինչպես «աշխատեցին» քառասունչորսօրյա պատերազմում։ Կարելի է հայտարարության նախագիծ բերել և դատապարտել նույնիսկ Ադրբեջանի՝ որպես պետության, ծնունդը կամ Թուրքիան հռչակել «ապօրինածին»։ Դրանից իրականությունը դույզն իսկ չի փոխվում։ Երևանը չպետք է դառնար մերձճակատային քաղաք։ Իսկ դա տեղի է ունեցել հենց 2011թ․՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին պայմանագրով, երբ Հայաստանում կոալիցիոն՝ նժդեհա-դաշնակցական իշխանություն էր։
Այնպես որ, Շուշիի հռչակագիրն ավելին չէ, քան Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը»։