Տեսակետ

Հանրային մտածողության «աքիլլեսյան գարշապարը»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայկական քաղաքականության և հանրային մտածողության «աքիլլեսյան գարշապարը» եղել ու մնում է ներքին ու արտաքին երևույթներին ծայրահեղացված նայելը: Դա բերում է կամ «ապոկալիպտիկ» կամ «պաթետիկ» եզրահանգումների գերակշռման: Իսկ դրանք հավասարապես անարդյունավետ և անհեռանկար են:
Մի օրինակ բերեցի նախորդ օրը՝ աշխարհում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնց բովանդակության գուցե քառորդին էլ Հայաստանում չի տիրապետում ոչ ոք, բայց համատարած են եզրակացությունները՝ «Պուտինի վերջը եկել» է, կամ «Պուտինի դեմ խաղ չկա»:
Ու այդ չափումն է ցանկացած ներքին, թե արտաքին հարցում: Որովհետև հանրային մտածողությունը չափման այդ կատեգորիային են բերել քաղաքական ու փորձագիտական խմբերի գերակշռող մեծամասնությունը՝ գրեթե երեք տասնամյակ շարունակ: 
Մենք, օրինակ, ամենախիստ ձևով քննադատում ենք լրտեսական ցանցի մասնակիցներին, որի բացահայտման մասին հայտարարում է ԱԱԾ-ն, բայց իրական «ցանցը» հենց այն հասարակական-քաղաքական միջավայրն է, որը ձևավորվել է անկախ Հայաստանում, և որտեղ չափման հիմնական միավորները այդ երկու ծայրահեղություններն են:
Այդպիսի «չափագրման» ենթակա հանրությունը ակամա վերածվում է մի մեծ «լրտեսական» ցանցի՝ օտարի համար դառնալով խիստ կանխատեսելի: 
Մենք, որպես հասարակություն, մեր պատկերացումների պարզունակությամբ այդ իմաստով վերածվել ենք «նախնադարյան մարդու», ավելի շուտ՝ մեզ վերածել են, որովհետև հեշտ է գործ ունենալ այդպիսի հանրությունների հետ: 
Ըստ այդմ, Հայաստանի զարգացմանն ուղղված իրական աշխատանքը այն չէ, թե ով է ավելի տպավորիչ խաղում առկա միջավայրում: Իրական աշխատանքը հայաստանյան հասարակական մտածողությունը «նախնադարյան մարդու» պարզունակ պատկերացումներից դուրս բերելն ու 21-րդ դարի բարդությանը համարժեք դարձնելն է: Այլ կերպ ասած՝ հանրային օրգանիզմը բարդացնելը, որպեսզի մենք դադարենք լինել այդքան կանխատեսելի և կառավարելի: Որպեսզի որևէ մեկը համոզված չլինի այլևս, որ մեզանից Գ արձագանք ստանալու համար բավարար է ընդամենը բարձրաձայն Բ ասելը»: