Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Դաշնակցական քաղաքական ակտիվը մշտապես դավաճաններ է փնտրել երկրում, և դրա ապացույցը այն է, որ արդեն մեկ տարուց ավել է փողոցում ու պառլամենտում ամենօրյա ռեժիմով դա են քննարկում…Բայց արի ու տես, որ երկրի ամբողջական անկախություն սակարկողը, նրանց համար դավաճան չի համարվում, ավելին՝ նրանք այդ սակարկողի քաղաքական առաջնորդությամբ «ազգային փրկության» պայքար են ծավալում։
Այս պարագայում կոնգնիտիվ դիսոնանսը մեղմ զգացում կարելի է համարել։ Փաստորեն, այս հավաքակազմի համար դավաճանություն կոչվածը միայն հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում է տեղավորվում։ Ասենք, եթե մեկը Հայաստանի ամբողջական անկախությունը բաց տեքստով սկուտեղի վրա դրած պատրաստ է հանձնել մեկ այլ կայսրության, ինքը դավաճան չի համարվում, ընդհակառակը, ինքը համարվում է «ազգայի արժեքներ» կրող սուբյեկտ։
Ասել ու ասում եմ, այս տեսակի համար հայ-թուրքական հակամարտություն գոյություն չունի, նրանք հայկական հարցը տեսել ու շարունակում են տեսնել ռուս-թուրքական հակամարտությունների ու մերձեցումների շրջանակում, որովհետև իրենց գաղափարական հայրենիքը Ռուսաստանն է, դրա համար էլ իրենց համար այս անկախությունը անպետք բան է համարվել։ Տեսեք տարիներ շարունակ ինչպիսի տեքստեր են բերել օրակարգ. «Մենք պահանջատեր ենք, բայց եթե ռուսը չլինի, մեզ կկոտորեն»։ Ի՞նչ է նշանակում լինել պահանջատեր, բայց զուգահեռաբար մտածել, որ եթե մեկ ուրիշը չլինի, քեզ կոչնչացնեն։ Սա քաղաքական անլրջության դասական օրինակ է, երբ մի ողջ հասարակության գաղափարական առումով օտարում ես խաղաղությունից, բայց մշտապես մտածում ես, որ ինչ-որ մի օր քեզ կրկին կցեղասպանեն։ Ասում են, որ առանց Արցախ, չկա Հայաստան։ Եթե Հայաստան չլինի, ինչ կապ ունի, թե Արցախն ու մնացած պատմական հայրենիքի հողերն ում կպատկանեն։ Ցանկացած ազգային նպատակի հիմքում պետք է լինի հայկական պետականության գաղափարը, եթե մերժում ես այն, ուրեմն մերժում ես Արցախն էլ, Սասունն էլ, Մուշն էլ, Կարսն էլ, Գյումրին ու Երևանն էլ»։