Տեսակետ

Արևմուտք-Ռուսաստան՝ 10-0

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Լարվածության էս փուլը սկիզբ առավ նրանից, որ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց անհրաժեշտ այն երաշխիքների ցանկը, որոնց ստանալուն պես նրանք ստիպված չեն լինի «ռազմատեխնիկական միջոցներ կիրառել»՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը զսպելու համար: Մոսկվան կոնկրետ ասում էր` կամ ՆԱՏՕ-ն ետ է քաշվում 1997-ի սահմաններին ու պարտավորություն ստանձնում, որ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը երբեք ՆԱՏՕ անդամ չեն դառնա, կամ ՌԴ-ն ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի ՆԱՏՕ-ի դեմ: Որպեսզի այս ուլտիմատումն ավելի համոզիչ լինի, ՌԴ-ն նաև զորք է կուտակում Ուկրաինայի սահմանների գրեթե ողջ երկայնքով: 
Սրան ի պատասխան՝ Արևմուտքը հայտարարում է, որ ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա ու ձեռնարկում է մի շարք քայլեր: Նախ, ձեռնարկվում է մեդիա-արշավ, որի հետևանքով լուրջ ֆինանսական կորուստներ է ունենում Մոսկվայի բորսան, ինչը հանգեցնում է կապիտալի մեծ արտահոսքի ՌԴ-ից ու, մասամբ նաև, Ուկրաինայից: ԱՄՆ-ն այնուհետև մոտ 50․000 զինվոր է ավելացնում Եվրոպայում, որոնց հիմնականում տեղակայում է Ռուսաստանի շուրջ՝ Մերձբալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում: Դրան զուգահեռ՝ Ուկրաինային սկսում են մատակարարել զենք-զինամթերք, այդ թվում՝ գերարդիական հակատանկային միջոցներ, որոնք միանշանակ եղանակ փոխող են մարտի դաշտում: Սրանից զատ՝ նաև ֆինանսական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային:
Այս ամենի ֆոնին միակ քայլը, որ ձեռնարկում էր ՌԴ-ն, այն էր, որ Դոնբասի անկախության ճանաչման օրենքն անց է կացնում Դումայով ու դնում ՌԴ նախագահի սեղանին` իր հայեցողությամբ ստորագրելու համար: Սա, իր հերթին, դիտարկվում է բոլորի կողմից, որպես Մինսկյան համաձայնագրի չեղարկման սպառնալիք: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը Զելենսկին համառորեն հրաժարվում է կատարել՝ պնդելով, որ դա անկախ Ուկրաինայի վերջը կլինի: Ու որ դուզն ասենք, ճիշտ էլ ասում է, քանի որ Մինսկի պայմանավորվածությունների համաձայն՝ Դոնբասը պիտի արտոնյալ կարգավիճակ ստանար, Ուկրաինան պիտի սահմանադրություն փոխեր, որն, ըստ էության, մի քանի տարվա ընթացքում Ուկրաինան կվերադարձներ ՌԴ ազդեցության դաշտ: Մինչդեռ, եթե ՌԴ-ն Դոնբասի անկախությունը ճանաչի, դա Ուկրաինայից իր տարածքի 2,5%-ը (ու բնակչության 10%-ը) կկտրի, իսկ ՌԴ-ից վերջնական կկտրի Ուկրաինայի մնացած 97,5%-ը: 
Ի՞նչ ունենք արդյունքում: Մոսկվայի ուլտիմատումի վրա ՆԱՏՕ-ն խաչ քաշեց ու իր զորքն է՛լ ավելի մոտ բերեց ՌԴ-ի սահմաններին: Զելենսկին հրաժարվում է կատարել Մինսկի համաձայնագիրը ու ստանում զենք ու փող: Ռուսական զորքը ոչ էն է՝ հարձակվի, ոչ էն է՝ ետ գնա... Պուտինը ստիպված Դոնբասի անկախությունը ճանաչելու օրենք պիտի ստորագրի, որը միայն կխորացնի ռուս-ուկրաինական անդունդը: Փաստացի, Կովկասի կորստից հետո Մոսկվան վերջնականապես կորցնում է նաև Ուկրաինան: 
Ըստ իս՝ հաշիվը էս պահին 10-0 է»: