Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարությունները և քարոզը պետք է իրավաքաղաքական գնահատականներ ստանան.
Քաղաքականի մասով. բոլոր նրանք, որոնք իրենց քաղաքական գործիչ, ուժ կամ խումբ են համարում, պետք է գնահատեն նման հայտարարությունները: Ինչ կամենան, թող այն էլ գնահատեն, հաճելի կհամարեն, թող ասեն՝ հաճելի է, դատապարտելի կհամարեն՝ թող հայտարարեն, որ դատապարտում են, քրֆել կուզեն՝ թող քրֆեն: Բայց լռելու և չլսելու տալը համաձայնության նշան պիտի համարվի:
Իրավականի մասով. կարևոր է, որ օրենսդիրը կոնկրետ պատասխանատվություններ սահմանի նման քարոզի համար։ Չեմ առաջարկում «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ սահմանել. դա ոչինչ չի տա: Առաջարկում եմ դատական գործերի հարուցման մեխանիզմ սահմանել՝ քրեականով, գործեր հարուցել և այդպիսի քարոզով զբաղվող անձանց զրկել կուսակցական և ընտրական գործունեության մասնակցելու իրավունքից ինչ-որ ժամկետով՝ 5, 10 կամ 15 տարի: Այսինքն, այդ մարդիկ կարող են շարունակել խոսել նման բաներ, բայց դատարանի վճռով այլեւս չեն կարողանա կուսակցություն լիմնել, լինել անդամ, ղեկավար մարմնի անդամ, համակիր կամ կամավոր, մասնակցել ընտրություններին, որպես թեկնածու, լինել նախընտրական շտաբներում՝ որևէ կարգավիճակում։ Նաև՝ դադարեցնել այդպիսի անձանց մանդատները՝ ինչ պետական կամ տեղական իշխանության մարմնում էլ ընտրված լինեն։ Դադարեցնել աշխատանքային պայմանագրերը պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Թող գնան, որպես ազատ քաղաքացի բարբաջեն՝ ինչ կկամենան, թե ում ծոցն են ուզում մտնել, և ստանան հասարակական արձագանք էդ զառանցանքներին: Իսկ վերոհիշյալ դիրքերն ունենալ ու այդ կարգավիճակում երկրի ոչնչացումը քարոզելը բոլորովին այլ բան է և պետք է խափանվի: Կասեն, որ դա քաղաքական իրավունքների սահմանափակում կլինի, իրոք այդպես է, բայց դա արդարացվում է կարևորը պաշտպանելու և փրկելու կարիքով, ճիշտ այնպես, ինչպես այլոց սպանության քարոզը քրեորեն հետապնդելի է:
Էսօրվա և պարբերաբար լսվող զառանցանքի ականատեսը չէինք լինի, եթե ժամանակին քաղաքական գնահատական տրվեր երկիրը խուրդելու և ուտելու դիտավոր ու նպատակային արշավին, դրանից բխեին կոնկրետ պատասխանատվություններ։ Եթե Հայաստանի հիբրիդային զավթմանը գնահատական տրվեր, պետական մակարդակով դատապարտվեին առաջին հանրապետության զավթումը, հաջորդած հանցագործությունները, ընտրական համակարգի զավթումները, տնտեսության զավթումը և այլն։ Դասագրքերում ներկայացվեր այդ ամենը, երկրի ապասովետականացման եւ դեօկուպացիայի, դեկագեբեացման գործընթացներ մեկնարկեին, լյուստրացիա լիներ, այս ամենի մասին թանգարաններ ստեղծվեին և ինքիշխանության վերականգնման այլևայլ իրական գործողություններ ձեռնարկվեին, օրինակ, պաշտոնյաները բոլոր հնարավոր միջոցառումներում խոսեին հայերեն և այլն:
Հիմա էս օրին ենք, որ երկիրը տասը տարի թագավորած տգետը, որ, ինչքան ուժ ուներ, ռազմավարական կարողությունները ջրի գնով տվեց իր հոգևոր հորը, ելել, առանց կարմրելու՝ խոսում է երկրի ինքնիշխանության վերացման օգտին, որպես փրկության ճանապարհի»: