ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։ Ադրբեջանի հետ Ռուսաստանը ունի բարեկամության և համագործակցության պայմանագիր (1997թ․), որով կողմերը պարտավորված են միմյանց նկատմամբ ուժ չկիրառել, ինչպես նաև՝ Բաքվի հռչակագիր (2001թ․)։ Սա ավելի խորը համաձայնություն է. կողմերը միմյանց ճանաչում են որպես Կովկասի տարածաշրջանի անվտանգության երաշխավոր։
Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները գործընկերային են, ինչպես նաև՝ Թուրքիայի։
Մեր հարևաններից Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի միայն Վրաստանի հետ։ Հիմա եթե միայն Ռուսաստանն է շահագրգիռ, որ Հայաստանը տարածաշրջանում նորից «գործոն» լինի, ապա հանուն ինչի՞։ Ուժեղ Հայաստանի հետ ի՞նչ պիտի անի Ռուսաստանը, եթե Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի դեմ նրա կողմից ուժի կիրառումը բացառված է։ Մնում է Վրաստա՞նը։ Բայց, նախ, Ռուսաստանը, որքան հասկացվում է, նման մտադրություն չունի, Վրաստանն էլ իրեն շատ զգույշ է դրսևորում, հետո՝ իսկ արժե՞ Վրաստանին «անհարմարություն պատճառելու» դիմաց ամբողջ արևմտյան աշխարհի աչքի փուշը դառնալու գնով այդտեղ Ռուսաստանի «գործոն» լինել։ Հանուն ինչի՞։ Միևնույն է, Ռուսաստանը ոչ Թուրքիայի հետ է պատերազմելու, ոչ՝ Ադրբեջանի»։