«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Առօրյա քաղաքական պրոցեսների անբովանդակությունը շատ կարևոր հատված է ազատել ուղեղումս, ու դա հիմնականում հատկացնում եմ պատմաքաղաքական, քաղաքատնտեսական ու փիլիսոփայական մտքին։
Վերջին թեման, օրինակ, Ռուսաստանի պատմությունն է։ Շաբաթական մոտ 20 ժամ էդ թեման եմ ուսումնասիրում։ Ու ինչքան շատ եմ փորփրում, էդքան խորն եմ հասկանում չիմացածիս ծավալներն ու դրա վտանգավորությունը։
Առհասարակ, մենք, որպես հանրություն, Ռուսաստանը չենք ճանաչում։ Մեր հավաքական ու, որ ավելի վտանգավոր է, քաղաքական շրջանակների մտածողության մեջ Ռուսաստանը ընկալվում է կամ որպես հրեշ, կամ որպես փրկիչ։ Եվ այդ երկու մոլորություններին էլ մենք հանգում ենք այդ երկրի քաղաքականության ու պատմության աշխարհագրական ու ժամանակագրական մի չնչին սեգմենտի` Կովկասյան և Հարավկովկասյան ծայրամասի նոր և նորագույն շրջանների իրադարձությունների վերլուծությամբ։ Այլ կերպ ասած՝ մենք Ռուսաստանը ճանաչում և գնահատում ենք Կովկասյան ճակատում իր վարքով, մինչդեռ այդ վարքը կախված է արևելաեվրոպական ճակատում ու ներքին քաղաքականությունում տեղի ունեցող իրադարձություններից։ Ուստի առանց հասկանալու թե ինչն է Ռուսաստանին դարձնում այնպիսին, ինչպիսին մենք նրան տեսնում ենք Հարավային Կովկասում, մեր հարաբերությունները այդ երկրի հետ մշտապես ավարտվելու են աղետներով։
Առհասարակ, նա, ով կկարողանա հայ հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներին Ռուսաստանի քաղաքական պատմություն սովորեցնել, մեծ լավություն կլինի արած Հայաստանին»։