Տեսակետ

Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակեցնի իր կարմիր գծերը

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այն, ինչ ասում է երկրորդ նախագահը միութենական պետության մասին, տևական ժամանակ է՝ չոքել է մեր տան շեմին, ուղղակի մեզնից շատերը ալարում են, չեն ուզում դա տեսնել։ 
Այդ հեռանկարը Հայաստանի համար գրեթե անխուսափելի է այլևս․․․ 
Եթե իրապես անկեղծ ենք ու չենք ուզում, միաժամանակ ամբողջությամբ պատկերացնում ենք և՛ միութենական պետության մաս դառնալու, և՛  չդառնալու ռիսկերը, ուրեմն մեկընդմիշտ խելքներս պետք է գլուխներս հավաքենք ու լծվենք տքնաջան աշխատանքի, որի նպատակը այլևս ոչ թե ցեղասպանություն ճանաչումն է ու արցախյան հիմնախնդրի կարգավորումը, այլ հայոց պետականությունը․․․ 
Դրանից հետո միայն կարող ենք բոլոր պահանջատիրությունները բերել, քննարկել, որքան ուզում եք․․․
Չկա այլ ճանապարհ՝ պետություն դառնալու․․․ 
Չեն կարող ռուսները մեր սահմանները պահել, բայց մենք Երևանում տարփողենք ինքնիշխանության մասին տրակտատներ ու ոչինչ չանենք պաշտպանունակ բանակ ունենալու համար։ 
Չենք կարող դիվանագիտական ճակատում երեսնամյա խայտառակ տապալումներից հետո չփորձել դասեր քաղել և արտաքին բազմազանեցված քաղաքականություն ունենալ։ 
Չենք կարող, և վերջ։
Գուցեև ոչ մի սարսափելի բան չկա միութենական պետության մեջ։ Կարելի է և դառնալ այդ պետության մաս։ 
Բայց այդպիսի հեռանկարից հետո պետք է պատրաստ լինել կորցնել Սյունիքն էլ, Արցախն էլ․․․ 
․․․Որովհետև միութենական պետության կազմում ոչ մի միջանցքի հարց Երևանում չի որոշվելու, ոչ մի արցախյան հարց այլևս գոյություն չի ունենալու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայ ժողովրդի հարաբերությունների ապագան որոշվելու է ռուս-թուրք-ադրբեջանական՝ առկա ռազմավարական հարաբերության տրամաբանությամբ․․․ 
Մեր նորագույն պատմության այս ճակատագրական փուլում սույն հարցի քննարկումը մեր հավաքական ամոթն է․․․ 
Առանց քննարկելու նրան, ով բերել է հարցը հրապարակ, կարծում եմ, ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական ուժ իր համար հստակեցնի  մեր պետության ապագայի վերաբերյալ կարմիր գծերը։ 
Առաջիկա քաղաքական դիսկուրսը, ցավոք, սրա շուրջ է լինելու, և պետք է պատրաստ լինել ծանր պայքարի։ 
Այդ պայքարում կհաջողեն նրանք, ովքեր իրենց աշխատանքով կապացուցեն Հայաստանի կենսունակությունը, որպես անկախ պետություն, ու մեր ժողովրդին հստակ ցույց կտան, որ Հայաստանն ապագա ունի»։