ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վարչատարածքային միավորները և բաժանումը
1. Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են համայնքները:
2. Վարչատարածքային բաժանումը Հանրապետության նախագահի ներկայացմամբ սահմանվում է օրենքով:
Սա Արցախի գործող Սահմանադրությունն է ասում։ Այսինքն՝ 2017թ․-ին Սահմանադրության ընդունումով Արցախի վարչատարածքային միավորները՝ շրջանները, պիտի լուծարվեին, ընդունվեր օրենք, ըստ որի՝ Հանրապետության վարչատարածքային միավորներ պիտի լինեին համայնքները, այսինքն՝ գյուղերը և քաղաքները։ Իսկ փաստացի ԱՀ վերահսկողության տարածքի ո՛ր մասն էր բնակեցված, ո՛րը՝ ոչ, կարծում եմ, բոլորին է հայտնի։ Էս սահմանադրությունը քարոզած, ժողովրդի վզին փաթաթած մարդիկ մի տարրական հարցի կպատասխանե՞ն․ եթե վարչատարածքային բաժանման մասին նոր օրենք ընդունվեր, ԱՀ տարածքը քանի՞ համայնքի էր բաժանվելու։ Մի հարց էլ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի նախաձեռնողներին տամ․ եթե էդքան հրատապ է, քաղաքական մե՜ծ նշանակություն ունի թշնամու կողմից մեր երկրի մեծ մասի բռնազավթման փաստին իրավական գնահատական տալը, ԱԺ-ում ինչու՞ եք փոփոխություն կատարել եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումը տասը, թե հինգ տարով հետաձգել։ Միանգամից «Վարչատարածքային բաժանման մասին» նոր օրենք ընդունեիք եւ գրեիք, որ Ակնան, Վարանդան, Ջրականը, Սանասարը, Քարվաճառը եւ մյուսները հանդիսանում են ԱՀ պետական տարածքի անբաժանելի մաս, աստղանիշով էլ հղում տայիք, էջի տակը գրեիք, որ թվարկված համայնքները ժամանակավորապես բռնազավթված են թշնամու կողմից»։