Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մոսկվայում բացվում է առևտրի մեծ կենտրոն, որտեղ հայաստանցի արտադրողները կարող են վաճառել իրենց արտադրանքը: Կենտրոնը ստեղծվում է «Տաշիր գրուպ»-ի նախաձեռնությամբ, արտահանողներին աջակցելու պատրաստակամություն է հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Սա ունի ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլև՝ քաղաքական: Հիշում ենք «ծիրանային» պատմությունը 2020թ․ հուլիս-օգոստոսին, երբ ադրբեջանցիները իրենց առևտրի մեծ կենտրոններում արգելեցին հայկական ապրանքների վաճառքը:
Այժմ, փաստորեն, ստեղծվում է հայկական մանրամեծածախ կենտրոն, և որևէ համանման ճգնաժամի դեպքում հայկական ապրանք վաճառողները չեն կանգնի վաճառատեղ չունենալու խնդրի առջև:
Բայց ի՞նչն է այստեղ գլխավորն, ըստ իս: Թե ինչպես է հնարավոր քաղաքական հռետորաբանության մակարդակում խոսել խաղաղության նպատակադրումից, բայց գործնականում պատրաստվել պատերազմի՝ բառի բուն, փոխաբերական, տնտեսական, թե որևէ այլ իմաստով: Իրապես դիմադրունակության պատրաստվելու, այդ ուղղությամբ աշխատելու համար խաղաղության մասին հռետորաբանությունն անգամ կարող է լինել շատ ավելի արդյունավետ «ծածկոց»:
Վերը բերվածը թերևս մի օրինակ է, երբ կարող ես աշխատանք անել քո տնտեսական դիմադրունակության ուղղությամբ՝ առանց այդ ամենը առավոտից երեկո ռազմա-հայրենասիրական ճառերով ուղեկցելու»: