Տեսակետ

Քոչարյանն ու Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են օրենքով սահմանված կարգով

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են օրենքով սահմանված կարգով.
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրողի կողմից հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝  վերջիններս 2008թ. փետրվար և մայիս ամիսներին ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով՝ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող հանցավոր արարքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրգործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարվել են 2008թ. փետրվար և մայիս ամիսներին, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2023թ. մայիսին:
Այլ կերպ ասած՝ նրանց կողմից ենթադրյալ կաշառք ստանալուց անցել է շուրջ 14 տարի, և եթե նրանք մինչև 2023թ. մայիսը դատարանի կողմից մեղավոր չճանաչվեն ու չենթարկվեն քրեական պատասանատվության, ապա վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով այլևս չեն կարող ենթարկվել պատասխանատվության, եթե չառարկեն, որ իրենց նկատմամբ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:
Նույն իրավիճակն է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում. վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից վատնելու եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,16 մլն ՀՀ դրամի հափշտակություն:
Սերժ Սարգսյանին մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, և, տվյալ դեպքում, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 10 տարի:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2023թ. փետրվարի 7-ին, այսինքն՝ լրանում է նրա կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու 10 տարին, և նա, եթե մինչև 2023թ. փետրվար ամիսը դատարանի կողմից մեղավոր չճանաչվի ու չենթարկվի քրեական պատասանատվության, ապա վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով այլևս չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե չառարկի, որ իր նկատմամբ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:
Ի դեպ, Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Սակայն այս գործը, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող նույն գործն է, որի վաղեմության ժամկետը նույնպես լրանում է 2023թ. փետրվար ու մարտ ամիսներին:
Վերը նշվածից հետևում է, որ նշված գործերով, լավագույն ցանկության դեպքում անգամ, մինչև վերը նշված ժամկետների լրանալը հնարավոր չի լինելու ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: 
Եթե հնարավոր է եղել գործի քննությունը ձգձգել 3 տարի, 1 տարին ի՞նչ է, որ չձգեն: 
Մինչև առաջին ատյանի դատարանները հրապարակեն դատավճիռ, հետո այդ դատական ակտերը բողոքարկվեն վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, կլրանա նրանց պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
Իհարկե, տեսականորեն, ամբաստանյալները կարող են սկզբնական փուլում առարկել վաղեմության կիրառման դեմ՝ այն պահելով որպես վերին պահին օգտագործվող միջոց:
Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց մեղսագրվող արարքների համար այս իշխանության օրոք պատասխան չեն տալու, հետևաբար, որքան հնարավոր է՝ շուտ ավարտեք այս թատրոնը, կոռուպցիայի դեմ տարվող այս կեղծ պայքարը և մեր հասարակությանն էլ հիմարի տեղ մի դրեք:
Այսպես ձախողել կոռուպցիայի դեմ պայքարը, այսպես տապալել օրինականության վերականգնման գործընթացը, այսպես մսխել վստահության ռեսուրսը, ժողովրդի վստահությունն ու հավատն իր վաղվա օրա նկատմամբ՝ հնարավոր էր միայն մի դեպքում․ եթե ի սկզբանե այդ մարդիկ երաշխիք են ունեցել, որ երբևէ պատասխանատվության չեն ենթարկվելու:
Այս մասշտաբի ձախողման համար ո՞վ պետք է պատասխան տա: Գործող իշխանության քաղաքական ձախողումն էլ ինչպե՞ս է լինում...
Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան»...