Հասարակություն

Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրը տուն կվերադառնան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրը տուն կվերադառնան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անցյալ տարեվերջին հանրությունը ցնցվեց Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի սպանությունից։ Հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա տղային սպանել էր հայրը՝ խեղդելով։ Արարքն էլ պատճառաբանել էր վրեժի շարժառիթը։ Նա կալանավորված է։

Դեպքից հետո Տիգրանի քույրն ու եղբայրը տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն, իսկ Radar Armenia-ի հետ զրույցում Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը նշեց՝ Տիգրանի քույրը և եղբայրը ներկայումս շարունակում են մնալ այդ կենտրոնում։ Ասաց՝ մայրը կարողանում է հաճախակի տեսակցել երեխաներին։ Սակայն շուտով նրանք կվերադառնան ընտանիք՝ մոր մոտ։

«Երեխաները մինչև ամսվա վերջ կտեղափոխվեն գյուղ»,- նշեց Գզողյանը։

«Ընտանիքին համայնքապետարանն է օգնել, սակայն մշտական աջակցություն չեն ստանում, քանի որ երեխաները ներկայումս գտնվում են պետության հովանավորության տակ։ Երբ երեխաները վերադառնան ընտանիք, այդ ժամանակ համայնքը կտրամադրի անհրաժեշտ աջակցություն»,-նշեց վարչական ղեկավարը։ 

Համայնքում նման դեպքերը կանխարգելելու ծրագրերի շրջանակում համայնքի սոցիալական աշխատողները, այդ թվում՝ միասնական սոցիալական ծառայությունները, այցելում են ընտանիքներ և գնահատում նրանց ընտանեկան կարգավիճակը։

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելով սպանել է նրան։ 

Լաուրա Հարությունյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական