ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Էրիկ Պոպին և Վիվիեն Լյուբզանսկիին Հայաստանում և համոզմունք հայտնել, որ նրանց այցը կնպաստի առաջիկա խաղերին պատրաստվելու համատեղ ջանքերին:
Էրիկ Պոպը և Վիվիեն Լյուբզանսկին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել ՀՀ Կառավարության հետ սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել կազմակերպչական աշխատանքների, ենթակառուցվածքների նախապատրաստման ընթացքին, մտքեր փոխանակել տարբեր դիտարկումների և առաջարկությունների շուրջ:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության կողմից ներդրվող ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ արդյունավետ աշխատանքը թույլ կտան լավագույնս կազմակերպել և անցկացնել խաղերը Հայաստանում: