Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։
Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը կեղծ վարորդական իրավունքի վկայականի, 2-ը՝ սառը զենք կրելու, 7-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու և 1-ը՝ իրավունքից զրված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով։
Արձանագրվել է 291 իրավախախտում․ 115-ը՝ չամրակապված վարելու, 34-ը՝ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու, 6-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու և այլ դեպքեր։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 17 տրանսպորտային միջոց:
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: