Հասարակություն

Հեղուկ գազի գների բարձրացումը կարող է գնաճի հանգեցնել. Հրանտ Միքայելյան

Հեղուկ գազի գների բարձրացումը կարող է գնաճի հանգեցնել. Հրանտ Միքայելյան

Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել. գազալցակայաններում ոչ միայն կտրուկ բարձրացել է գինը, այլև շատ տեղերում դեֆիցիտ է։

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, մասնավորապես, ճանապարհներին առկա ձյան և անանցանելիության հետևանքով, առաջացել են մատակարարման խոչընդոտներ։

«Հեղուկ գազի խնդիրը տնտեսության վրա կարող է էական ազդեցություն ունենալ այն դեպքում, երբ այն կրի երկարաժամկետ բնույթ։ Այդ պարագայում կթանկանան տրանսպորտային բոլոր ծառայությունները, իսկ ընդհանուր գնաճի վրա ազդեցությունը կարող է հասնել մինչև 1%-ի»,- հավելեց տնտեսագետը։ 

Հրանտ Միքայելյանի խոսքով՝ չի բացառվում, որ լոգիստիկ իրավիճակի բարելավման դեպքում գները կրկին կնվազեն։

Հեղուկ գազի ներկրման խնդիրներով պայմանավորված, կարճ ժամանակում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով։

Տնտեսագետի գնահատմամաբ՝  սա որոշ չափով կթեթևացնի իրավիճակը, քանի որ Վրաստանի ճանապարհները ծանրաբեռնված են։ 

Նրա խոսքով՝ ռազմավարական համատեքստում նման համագործակցությունը վտանգավոր է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էական խաղաղության միտում չի նկատվում։ Ադրբեջանը շարունակում է զինվել, և այս պայմաններում Ադրբեջանից կախվածությունը կարող է լուրջ ռիսկեր պարունակել։

«Եթե հաջողվի ձևավորել հարաբերություններ այնպես, որ դրանք կախվածության չվերածվեն, ապա որոշ դեպքերում դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական