ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային 18-րդ համաժողովին՝ Global Forum for Food and Agriculture (GFFA)։ Համաժողովին ներկա են գտնվել աշխարհի 61 երկրի գյուղատնտեսության նախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների 14 բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և ինտենսիվ գյուղատնտեսության անցման անհրաժեշտությունը՝ ընդգծելով աշխարհում ջրային ռեսուրսների սակավության աճող ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պարենային անվտանգության ապահովման վրա։
Անդրադառնալով 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ նախարար Պապոյանը նշել է, որ համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ջրի, գյուղատնտեսության և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը՝ որպես կայուն զարգացման հիմնարար ուղղություն։ Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստան` ծանոթանալու երկրի ներուժին և մասնակցելու կարևոր նշանակություն ունեցող միջոցառմանը։