Հասարակություն

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնող անչափահասների

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնող անչափահասների

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։

Հունվարի 12-ին՝ ժամը 12․25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել էր վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել էին կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16․55-ին, հայտնաբերվել ու վարչություն էր տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է։ Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։

Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։

«Հիշեցնենք, որ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Նաև կրկին կոչ ենք անում ծնողներին՝ լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական