ԱԺ լիագումար նիստերի օրակարգում կընդգրկվի «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը (այդ թվում՝ կամավորականը), որը անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ զինադադարի, կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։
Նա հիշեցրել է, որ մինչ այս պահը անհետ կորած անձանց իրավահարաբերությունները համապարփակ կարգավորված չեն եղել, անձանց շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերն առհասարակ բաց են մնացել, և նախարարությունը նման նախագիծ է մշակել։
«Անհետ կորած անձի՝ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում ԱԱԾ-ն։ Ծառայությունը կիրականացնի անհետ կորած անձանց հետ կապված աշխատանքների համակարգում, տեղեկատվության ստացում, հավաքագրում, հետախուզում, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն»,– ասել է Գալյանը։