Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ին, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։
«Եվ կուզենայի ավելացնել, որ կաթողիկոսի՝ իմ դեմ ուղղված մեղադրանքը, որն իբր հիմք էր ծառայել ինձ թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու համար, ամբողջովին շինծու է, որովհետև եթե ես նման վարքագիծ ունենայի, պետք է համապատասխան նկատողություն ստանայի, սական որևէ տեսակի բանավոր զրույց չի եղել իմ և կաթողիկոսի միջև, առավել ևս չունեմ նկատողություն այդ մասով կամ, առհասարակ, իբրև թեմակալ առաջնորդ։
Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող, դեմ եմ սրբապղծությանը, պետական դավաճանությանը, դա չի կարող պատճառ լինել ին ազատելու համար իմ պաշտոնից։ Եվ ես ուրախ եմ, որ արդարադատությունը հաղթեց և ոչ թե կամայականությունը։ Ցավոք սրտի, սա առաջին նախադեպն է, և պատահական չէ, որ այդ նախադեպը համընկավ այսօրվա եկեղեցական վերնախավի վարած քաղաքականությասն հետ։
Իմ փաստաբանական խումբը ցույց է տվել, որ իմ ազատումն ապօրինի է, կամայական: Դրա հիմքում, ըստ էության, քաղաքական դրդապատճառներ են։ Սա խոսում է այսօրվա մեր եկեղեցու՝ չափից ավելի քաղաքականացված վիճակի մասին։ Երբ մենք հայտարարում ենք, որ Հայ եկեղեցին չի կարող դառնալ կցորդ որևէ քաղաքական ուժի, անմիջապես գործի է դրվում ճնշման և բռնության մեքենան։ Սա նախադեպ է, որ մեր հոգևորականները այսուհետև կկարողանան պահպանել իրենց իրավունքները, այլևս նրանք պաշտպանված են, և որ կարելի է պայքարել հանուն ոտնահարված իրավունքների: Եկեղեցին սիրո և հաշտության միջավայր է և ոչ թե ուժի, բռնության և ճնշման: Ժամանակն է ազատագրվել վախից և կեղծիքից և դրա մեկնարկը արդեն իսկ տրված է»,- ասել է Գևորգ Սրբազանը։
Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։