Հասարակություն

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, բժիշկն ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։

Հայրն ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չի գնացել՝ սպասելով բարի լուրին․ սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացրել են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։ Լրատվականի հետ զրույցում նորածնի հարազատներն ասել են, որ իրենք երեխայի մահվան մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Սվետլանա Վարազդատովնային և Հասմիկ Հարությունյանին։

Այսօր դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական