Հասարակություն

Փախուստի դիմած «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Փախուստի դիմած «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Հունվարի 15-ին՝ ժամը 21․30-ին, Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ իջել է մեքենայից և ինչ-որ բան է փնտրում։

Տղամարդը նկատելով իրավապահներին՝ նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով «կանգ առ» հրահանգին՝ վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։

Գվարդիայի ծառայողերից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորն իջել են մեքենայից և դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է։

Մայրաքաղաքի բնակիչներ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված, որը, ըստ նրա, կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Վրաերթից վնասվածքներ ստացած Գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական