Հասարակություն

Ձերբակալվել է տերմինալներից գողություն կատարող հանցավոր խումբ

Ձերբակալվել է տերմինալներից գողություն կատարող հանցավոր խումբ

Հունվարի 11-ին՝ ժամը 4.26-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։

Ահազանգով մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4.50-ին, Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 28-ամյա երկու տղամարդիկ։

Հետագա միջոցառումներով ստացվել են տվյալներ, որ նրանք գողության էին եկել «Պրո» մակնիշի ավտոմեքենայով, և ուսումնասիրել տարածքը։ Պարզվել է նաև, որ այս ընթացքում առանց համարանիշի «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա էլ Գայ գյուղից դիմել է փախուստի և ինքնավթարի ենթարկվել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի հատվածում։ Արմավիր գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը ձերբակալվել է ու նույնպես տեղափոխել բաժին:
Վթարված մեքենայի սրահում ոստիկանները նկատել են դիմակ և օդաճնշիչ ատրճանակ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ Գայ գյուղի Իսահակյան փողոցում հայտնաբերվել են պտուտակահան, Էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և օդաճնշիչ ատրճանակ։
Ձերբակալվածներն ընդունել են, որ փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենաները՝ պահպանվող հատուկ տարածք։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ սա այս խմբի միակ հանցարարքը չէ։

Թալինի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ դեկտեմբերի 28-ին՝ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն ու Ջանֆիդա գյուղի 28-ամյա բնակիչը կոտրել են Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող վճարային տերմինալի փականը և գողացել 496 հազար դրամ։
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ այնուհետև դեկտեմբերի 30-ին՝ գիշերվա ժամը 3-ի սահմաններում, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայով եկել էին Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղ, 36-ամյա վարորդը սպասել էր մեքենայում, իսկ 28-ամյա ուղևորը անկյունահղկիչով կտրել էր վճարային տերմինալի փականը և գողացել առկա գումարը։

Նույն խմբով գործել էին նաև հաջորդ օրերին։ Դեկտեմբերի 31-ին՝ գիշերվա ժամը 3.30-ի սահմաններում, Լեռնագոգ գյուղում, իսկ հունվարի 2-ին՝ գիշերվա ժամը 5-ի սահմաններում, Ծիածան գյուղում վճարային տերմինալիներից գողացել էին գումարը։

Նախաքննությունը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական