Հասարակություն

Կամավորների խմբեր թող կազմվեն, դեղատուն և պոլիկլինիկա կայցելեն, որպեսզի ինֆորմացիա ունենանք. վարչապետ

Կամավորների խմբեր թող կազմվեն, դեղատուն և պոլիկլինիկա կայցելեն, որպեսզի ինֆորմացիա ունենանք. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքից:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ առկա է 87048 ապահովագրական գրանցված դեպք՝ այց, որից 7739-ը ամբուլատոր այցեր են, և 8612-ը՝ հիվանդանոցային դեպքեր: «Աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, ԲԿ-ների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացրած հարցերին: Ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգն ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի: Բայց, ընդհանուր առմամբ, այցերն ու հարցումները և մեր քաղաքացիների հետ, ըստ էության, խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք: Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը, ընդհանուր առմամբ, դրական է: Հիվանդանոցային օղակում՝ առավել ևս: Մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ, այո, գործում է, և նրանք ծառայությունը կստանան առանց վճարում իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ՝ երկրում բժշկական ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայությունների մոտ 30 տոկոսն է, որ ծածկվում է համակարգի կողմից:

Վարչապետն ընդգծել է պատշաճ իրազեկում ապահովելու և մոնիթորինգ իրականացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գործընթացում կամավորական խմբերի ներգրավումը. «Կամավորների խմբեր թող կազմվեն, դեղատուն և պոլիկլինիկա կայցելեն, որպեսզի մենք ինֆորմացիա ունենանք: Մարզերում և Երևանում լրացուցիչ այդ օղակն էլ ունենանք: Մարդիկ ներգրավվեն և գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն: Թող գնան, մարդկանց հարցնեն»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական