Հասարակություն

Կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ

Կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ և բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: Նախագծերով ակնկալվում է սպառողների շահերի պաշտպանության վերաբերելի դրույթները լիարժեք տեղայնացնել ԵՄ համապատասխան հրահանգներին։ Մասնավորապես՝ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ինստիտուտը, սահմանել այդ պայմանագրերին ներկայացվող պահանջները, դրանց մասով սպառողին ներկայացման ենթակա տեղեկատվությունը և այդպիսի պայմանագրերից հրաժարվելու սպառողի իրավունքը և ընթացակարգը։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շարունակվում է ՀՀ օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը: Ըստ նախարարի՝ օրինագծով նախատեսված 4 հրահանգները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցներին: Նախագծով, մասնավորապես՝ սահմանվում են նաև անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է. «Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող՝ միանալու պայմանագրերում վաճառողները և ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառվելու դեպքում կհամարվեն առոչինչ: Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման»,- ասել է Գևորգ Պապոյանը:

Նախարարն անդրադարձել է նաև մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին և նշել, որ այդ հրահանգին մոտարկման արդյունքում սահմանվում են «մոլորության մեջ գցող գովազդ» և «համեմատություններ պարունակող գովազդ» եզրույթների վերաբերյալ համապարփակ կարգավորումներ։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է ԵՄ կարգավորումների հետ: Այսինքն՝ մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ, և դա է հիմնական արձանագրումը: Սա համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է»:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով ստանում են անհատական խնդիրների հետ կապված բողոքներ. մի քանի 100 բողոք է այդ համակարգի միջոցով սպասարկվել:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը ծավալուն է և այդտեղ կան բազմաթիվ շերտեր. «Այստեղ մեր մարտավարությունը հետևյալն է՝ պետք է հետևողական աշխատել, որովհետև խնդիրների այն ծավալը, որ այդ ոլորտում ունենք, լուծելու միակ տարբերակը հետևողական աշխատելն է: Համբերատար գույքագրենք մեր բոլոր պրոբլեմները և նույն համբերատարությամբ և նույն հետևողականությամբ զբաղվենք դրանց լուծմամբ, որովհետև ոչ մի օրենքի փոփոխություն, ոչ մի Կառավարության որոշում, այդ իրականությունը չեն փոխելու, իրականությունը փոխելու է հետևողական աշխատանքը»:

Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև հեղուկ գազի գինը թանկացմանը և նշել, որ դա սովորական պրոցես է և ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, որևէ արտառոց բան չկա. «Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ, դեֆիցիտ ևս գոյություն չունի»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դա խնդիր է, որը պետք է լուծվի այդ թվում՝ խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապարհով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական