Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, բարելավված պայմաններին:
Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ 2024թ. կառավարությունը հատկացվել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ 3300 քմ տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է կենտրոնի լաբորատորիայի բարելավված ծառայություններին: 2023 թ. Կառավարությունը հատկացրել է 595 մլն դրամ՝ լաբորատոր գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Նշվել է, որ տրամադրված միջոցներով ձեռք են բերվել 2023 թ. արտադրության Agilent Technologies, Anton-Paar, Sartorius և այլ առաջատար ընկերությունների շուրջ 20 նոր սարքավորումներ, քիմիապես կայուն լաբորատոր կահույք, ինչպես նաև Հայաստանում միակ դրական ճնշմամբ իզոլյատոր։
Բացի այդ, ձեռք է բերվել սարքերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որը ևս ՀՀ-ում մինչ օրս ներդրված չի եղել: Այն հնարավորություն է տալիս մշտադիտարկել սարքավորումների սպասարկման, խնամքի հետ կապված հարցերը, հաշվարկել սարքերի աշխատանքային ժամերը և սարքերի հետ կապված ներդրումային և ընթացիկ պահպանման ծախսերը: Վերազինումը հնարավորություն է տվել բարելավել լաբորատոր ծառայությունների որակը և կրճատել ժամանակը։
Ներկայումս լաբորատորիան ունի Ամերիկյան ANAB հավատարմագրման մարմնի կողմից տրված հավաստագիր։ Վերազինումից հետո լաբորատորիան հնարավորություններ կունենա մասնակցելու ազգային և միջազգային հետազոտական նախագծերի, ինչպիսն է, օրինակ՝ ԱՀԿ նախաորակավորումը: