76 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդային տարիներին այլախոհ, ՀՀԿ հիմնադիր անդամներից Ռազմիկ Զոհրաբյանը։
Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։
Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։
1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։
1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։
1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։
1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։
1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։
2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։
2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00: