ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է դատական համակարգի խնդիրների մասին, հայտարարելով, որ կառավարությունը դատական իշխանության հետ երկխոսությամբ խնդիրներին լուծումներ է տալիս։
Նրա խոսքով, ՀՀ-ում 80-ից ավելի դատավորի հաստիք է ավելացել, դատավորների աշխատավարձերը 40 տոկոսով ավելացել է։
«ՈՒնեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը այս պահին ոչ թե օբյեկտիվ են, այլ՝ սուբյեկտիվ։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև, նույնիսկ եթե համարենք, որ կան օբյեկտիվ շատ մեծ խնդիրներ, դրանց պայմաններում բարեխիղճ դատարանների դատավորների գոյությունը, որ հասցնում են ողջամիտ ժամկետում գործերի քննություն իրականացնել, մեզ բերում են այն կարծիքին, որ իրականում խնդիրների մեծամասնությունը սուբյեկտիվ բնույթի են»,- ասել է Գալյանը։
Նրա խոսքով. «Մենք ունենք պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են՝ հանգուցալուծումը հնարավոր է լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն՝ դուրս են գալիս համակարգից
Ես չեմ կարող ասել՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Վատ է քաղաքացու տեսանկյունից, ում աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է և իրապես մաքրվում է, որովհետև (ներողությո՛ւն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել) մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր:
Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որ դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա համալրել դատավորների շարքերն ապագայում»,- ասաց նա: