Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակեցումը:
Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ: Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը: