Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այնտեղ բնակվող հայերի խնդիրներին։ Նա ահազանգել է, որ ուրբաթ օրվանից տեղեկություն չունեն, այս պահին էլ չեն կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ։ Նրա խոսքով, այս իրավիճակը շատ է անհանգստացնում:
«Երբ նման դեպք եղավ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին՝ Մեղրիում, և սահմանն անցնող մեր հայրենակցների միջոցով էինք սկսում ինֆորմացիա ստանալ: Երևի նույն բանը այսօրվանից պիտի սկսենք անել այնտեղ՝ Մեղրիում, այլապես, բնական է, տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում: Չունենք բավականին տեղեկություն, որոպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին»,- ասել է նա:
Սինանյանի խոսքով, 2023-ին սկսվեց ՀԱՄԱՍ-Իսրայել առճակատման վերջին փուլը, ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում շատ հայեր տարհանվել են Իսրայելից։
«Հենց որ տեսնենք՝ համապատասխան տեղեկություն ունենք՝ կապված Իրանի մեր հայրենակիցների հետ, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անելու Կառավարությունում, իհարկե դա կանենք:
Բայց այս պահին մենք շատ անհանգստացած ենք, որովհետև ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ»,- ասել է նա։