Ձյունառատ օրերի հեքիաթը կարող է տխուր ավարտ ունենալ․ հալոցքի հետևանքով տանիքներին առաջացած սառցալեզվակները կարող են իրական սպառնալիք դառնալ անցորդների համար։
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Երևանում և մարզերում կատարվել են շրջայցեր, որոնց ընթացքում հեռացվել են սառցալեզվակներ։ Մասնավորապես, փրկարարական ծառայողները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից հեռացրել են կախված սառցալեզվակներն ու ջրհորդաններում գոյացած սառույցները։
ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը նշում է․ «Հունվարի 1-12-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան կառույցների հետ, արձագանքել են 162 դեպքի՝ որոնցից 89-ը` դպրոցներ, 55-ը` նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 18-ը` հասարակական նշանակության այլ օբյետներ։ Երևանում արձագանքվել է 49, մարզերում՝ 113 դեպքի»։
Հետագա վտանգները բացառելու նպատակով աշխատանքները շարունակվում են։