Հունվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ փլուզվել է բնակչի սեփականություն հանդիսացող քարե պարսպի մոտ 10-15 մետր հատված, մի հատված էլ դարձել է վթարային։ Փլուզման հետևանքով վնասվել են մոտ 700 տնտեսության կողմից օգտագործվող գազախողովակներն ու գազախողովակների հենասյուները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս պահին արդեն աշխատում են «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի մասնագետները, ովքեր ձեռնամուխ են եղել վնասված գազախողովակները վերանորոգելու և հենասյուները ուղղելու ուղղությամբ։ Համայնքային ոստիկանները պարզում են փլուզված պատի սեփականատիրոջ ինքնությունը։