«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են.
«Մալդիվներում իրականացվում է աշխարհում առաջին խոշորամասշտաբ լողացող քաղաքի նախագիծը, որը կայուն է կլիմայական սպառնալիքների նկատմամբ։ Սա իրական պատասխան է ծովի մակարդակի բարձրացմանը և դրա մարտահրավերներին։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով Մալդիվները կարող է անցնել ծովի տակ մինչև 2100 թվականը։
Լողացող քաղաքը կառուցվում է մայրաքաղաք Մալեից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա՝ 200 հեկտար մակերես ունեցող լագունայում։ Նախագիծը նախատեսում է հազարավոր բնակելի միավորների կառուցում՝ շրջապատված ջրանցքներով, ինչպես նաև դպրոցների, խանութների, հիվանդանոցների, հյուրանոցների և հանրային տարածքների ստեղծում․ և այս ամենը՝ ջրի վրա։
Նախագծի հիմնական գաղափարը բնության և տեխնոլոգիաների սինթեզն է։ Քաղաքի հատակագիծը ներշնչված է կորալի ուղեղային կառուցվածքից, որը հիմք է ծառայել փողոցների և ջրանցքների ցանցի նախագծման համար։ Լողացող հարթակների ստորին հատվածում կտեղադրվեն արհեստական խութեր, որոնք կխթանեն կենդանի կորալների աճը և կգրավեն ծովային կենսաշխարհը։ Այդպիսով քաղաքը կդառնա ծովային էկոհամակարգի մի մասը։
Բնակարանաշինությունը մասամբ իրականացվելու է հավաքովի եղանակով, ինչը կնվազեցնի արտանետումները և կարագացնի շինարարության ընթացքը։ Բոլոր շենքերը միացված են «խելացի ցանցին», որը կառավարում է էներգիայի բաշխումը՝ առաջնահերթություն տալով վերականգնվող աղբյուրներին։ Մալդիվյան լողացող քաղաքը համապատասխանում է «լողացող ուրբանիզմի» միջազգային չափանիշներին։
Մալդիվները վերաշարադրում են իրենց պատմությունը։ Երկիր, որը համարվում է խոցելի ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ, վերածվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում նորարարի՝ աշխարհին ցույց տալով, որ կայունությունը կարող է արտահայտվել գեղեցկության, գործնականության և բնության հանդեպ խոր հարգանքի մեջ»։