Հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են։ 2025 թվականին Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 41 նյութ և եզրակացություն. երեք ծառայողի վերաբերյալ նյութերը քննարկվել են կրկնակի:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 43 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 2 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 11 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 30 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը, իսկ 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։
Ներքին գործերի նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության, հանրային հաշվետվողականության և վստահության ամրապնդման գործում։