ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։
Նրա խոսքով՝ հավաստագրեր ստանալու տեմպն արագացել է։
«Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն՝ տարբեր պատճառներով։ Ես չեմ կարող չնկատել և չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ, որովհետև իբր դրանով ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական։ Չստանալ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն, այդ թվում՝ օրինակ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Այդ շահարկումները, և ոչ միայն, ըստ էության, բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չեն ստացել քաղաքացիություն»,- ասել է նա։
Ըստ Թորոսյանի, ԼՂ-ից տեղահանվածների համար քաղաքացիություն ստանալու գործընթացը, թեև հեշտացվել է, բայց ժամանակ է պահանջում։
«Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության համար դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի»,- նշել է նա։
Թորոսյանն ընդգծեց, որ բացի բնակապահովումը, աջակցություն է ցուցաբերվում զբաղվածության ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես՝ կառավարությունը խթանելու է բնակապահովման ծրագրի շահառուների ինքնազբաղվածությունը՝ փոքր բիզնեսների զարգացմանն աջակցելու եղանակով։