Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարչապետին սպասարկող մեքենայի պետհամարանիշի փոփոխությանը և այս համատեքստում նախկինում իր արած հայտարարությանը, որ երկրի ղեկավարի մեքենայի համարները չպետք է «գոլդ» լինեն․
«Մենք ժամանակի ընթացքում վերանայել ենք որոշ մոտեցումներ՝ այն տրամաբանությամբ, որ, այնուամենայնիվ, պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել, և դրանք պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ՝ պետական արարողակարգերի հարց»,- ասել է նա։ «Որքան էլ ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանության զրոյացում»։
Ինչ վերաբերում է մեքենայի համարանիշի փոփոխությանը, նա բացատրել է, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող UU տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր․ «Կարծում ենք՝ պետհամարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի։ Հիմա ես էլ չպետք է գրեմ NP001»: