Երևանի քաղաքացիական դատարանում այսօր ավարտվել է Սամվել Շահրամանյանի՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության հայցադիմումի քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու համար։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը դիմել էր դատարան՝ պնդելով, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած նախադասությունը՝ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր», կեղծ է, զրպարտություն և վիրավորանք է։
Դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը հիշեցնում է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից. «Իրենց տրամաբանությամբ՝ եթե ես եմ գրել այդ մասին, զրպարտություն է, իսկ եթե այդ մասին ասում է Շահրամանյանը, քաղաքական գործիչներ, Արցախի պաշտոնյաներ և այլն, իրենք կեղծիք չեն տարածում։ Այնպես են ներկայացնում, կարծես դասագրքում այդ մասին միայն մեկ նախադասություն է գրված ու վերջ։ Մինչդեռ այդպես չէ։ Գրված է այն, ինչ փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Ի վերջո, որ ամեն մեկի ուզածով գրվի, ի՞նչ կստացվի։ Դա դասագի՞րք է, հուշագրությու՞ն, թե՞ հանրագիտարան։ Այնպես են ներկայացնում, կարծես դասագրքում այդ մասին միայն մեկ նախադասություն է գրված ու վերջ։ Մինչդեռ այդպես չէ»։
Դատական նիստից հետո Շահրամանյանը չպատասխանեց հարցերին, փոխարենը փաստաբան Ռոման Երիցյանն ասաց՝ Արցախի Հանրապետության իրավական համակարգում գոյություն չունի որևէ իրավական ակտ, ըստ որի Արցախի Հանրապետությունը լուծարված է։
Ըստ Նժդեհ Հովսեփյանի, սա քաղաքական ճնշման փորձ է, որ օրինակ լինի՝ որևէ մեկը չհանդգնի այս հարցերի մասին գրել. «Հայցվորի ելույթից հասկացա, որ իրենք սոսկ ուզում են, որ իրենց ուզած բառերով ու մտքերով գրված լինի տեքստը։ Սա արդեն պատմագիտական վեճ է, ոչ թե դատաքննության առարկա։
Սա քաղաքական ճնշման փորձ է, որ օրինակելի լինի, որ որևէ մեկը չհանդգնի այս հարցերի մասին գրել։ Իսկ եթե շփոթվի ու գրի՝ կա՛մ իրենց ուզածով գրի, կա՛մ մղոններով փախչի այս թեմաներից, որ դատարանում չհայտնվի»։