Դեկտեմբերի 25-ին ապամոնտաժվել է Արման Հակոբջանյանի՝ Սևանի ափին կառուցված առանձնատան լողավազանը և 1905 մետր բացարձակ նիշից ներքև կառուցված պարիսպը։ Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ հասկանալու, թե որն է ապամոնտաժման պատճառը, որին ի պատասխան նշեցին, որ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18֊ի N 1563-Ն որոշման համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ, որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացված՝ Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող հաջորդական ենթագոտիների՝ առաջին, երկրորդ և երրորդ:
«Կառուցված լողավազանը և պարիսպը գտնվում են առաջին ենթագոտում: Առաջին ենթագոտու մեջ են մտնում Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որոնք ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905 մետր բացարձակ նիշը՝ լողափի և բուֆերային գոտու տարածքները»,-ասացին նախարարությունից և հավելեցին՝ առաջին ենթագոտում արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը, ինչն արտացոլված է շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված և կնքվող բոլոր վարձակալության պայմանագրերում, այդ թվում՝ Արման Հակոբջանյանի հետ կնքված պայմանագրում։ Ըստ նախարարության պատասխանի՝ ապամոնտաժվել են լճի ջրային սահմանից մինչև 1905 մետր բացարձակ նիշը կառուցված բոլոր շինությունները, ապամոնտաժվող օբյեկտները համարվում են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքում։