Հասարակություն

Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը

Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով հարթակների համատեղ աշխատանքը։ Գործարկվել է նաև ամուսնաընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը և e-mediation.am հարթակը:

Զեկուցվել է, որ իրավունքների պաշտպանության և վեճերի լուծման արդյունավետության բարձրացման համատեքստում առաջարկվում է սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով: Քաղաքացիական գործերի քննության համար նախատեսվում է 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 3-ական ամսով, բայց գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի քան մեկ տարի: Վարչական գործերի դեպքում 6 ամսյա ժամկետ է սահմանվում, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 6-ական ամսով, սակայն, գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի քան 1.5 տարի:

ԱԺ է ներկայացվել նաև վարչական մարմինների վերաքննիչ բողոքների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը միտված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը 30%-ով: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանափակել վարչական մարմինների՝ մինչև 300.000 դրամը չգերազանցող վերաքննիչ բողոքների ներկայացումը Վերաքննիչ դատարան: Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ 2000 գործով կնվազեն Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքները:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ինստիտուցիոնալ բարեփոխման շրջանակում գործարկվել է նոր համակարգ, որը փոխկապակցված է ՊԵԿ, ԲՊՌ և Դեպոզիտարիայի համակարգերի հետ, ներառում է բարելավված Իրական շահառուների համակարգը և վարույթ հարուցելու ինքնաշխատ գործիքը: Թեև համակարգը գործարկվել է 2025թ․ դեկտեմբերին, արդեն իսկ գրանցվել է 1274 ԱՁ, 1 հիմնադրամ, 4 ՍՊԸ: Այսինքն՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր կազմակերպաիրավական ձևերի գրանցումը՝ առցանց, արագ և արդյունավետ եղանակով:

Անդրադառնալով այս ուղղությամբ թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է․ «Թվայնացման ուղղությամբ մեր անելիքը ո՞րը պետք է լինի՝ համակարգը ներդնել, զուգահեռ ինչ-որ ժամանակ աշխատի, մենք համոզվենք, որ այդ համակարգն ապահովում է այն, ինչ պետք է ապահովվի, ու կամաց-կամաց թղթային տարբերակի հնարավորությունները բարդացնել և սահմանափակել, որպեսզի, ի վերջո, դա դուրս գա»։

Երկրի ղեկավարը, խոսելով պետական համակարգին ուղղված դիմումների և նամակների մասին, նշել է․ «Պրակտիկան ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր նույն նամակը տանում են այս նախարարություն, այն նախարարություն, Ազգային ժողով, կառավարություն, նախագահի նստավայր, դատախազություն և այլն։ Հիմա թվայնացման սկզբունք ենք դնում և ասում՝ պետությունը քաղաքացուն մի տվյալը մեկ անգամ պետք է հարցնի, նույն կերպ քաղաքացին պետությանը մեկ հարցը մեկ տեղով պետք է ներկայացնի՝ էլեկտրոնային տարբերակով, քանի որ դրա վրա էլ հսկայական ժամանակ և ռեսուրս է ծախսվում»։

Այս առումով, պատասխանատուները զեկուցել են, որ այժմ համակարգը գտնվում է մշակման փուլում։

Բարեվարքության ստուգման գործիքների կատարելագործման համատեքստում սահմանվել են բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակայնության, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց (PTEF) բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են ԱԺ։

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արդյունավետ կառուցակարգերի ներդրման համար հաստատված հայեցակարգով նախատեսվում է ստեղծել Անկախ ինքնավար մարմնի կարգավիճակ ունեցող մարմին:

Վարչապետին զեկուցվել է, որ ԱԺ-ին է ներկայացել նախագծերի փաթեթ, որով լուծվում են հանրության գերակա շահերի նպատակով կատարվող օտարումների ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները:

2025-ի ընթացքում ԱԺ-ի կողմից ընդունվել է փաթեթ, որով ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների իրականացման համակարգ։ Սահմանվում են դեպքերը, երբ էլեկտրոնային ծանուցումները պարտադիր են և դրանք համարվում են պատշաճ կատարված:

Բարեփոխումներ են իրականացվել նաև սնանկության ոլորտում: Ներկայացվել է Սնանկության օրենսգիրքը, որով նախատեսվում է միայն դատական կարգով հաստատված և հարկադիր կատարման փուլն անցած պարտավորության հիման վրա սնանկացում, սնանկության հիմքով պարտքից ազատվելու դեպքում բացասական հետևանքների նախատեսում պարտապանի համար, գույքը վաճառվելու է էլեկտրոնային աճուրդով՝ առանց մարդկային գործոնի:

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համատեքստում պարզեցվել են վարչական դատավարության ընթացակարգային մի շարք հարցեր՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և ապահովելով գործերի արդյունավետ և արագ քննություն: Վերաքննիչ վարչական և քրեական դատարաններում ներդրվել է գործերի քննության գրավոր ընթացակարգ և սահմանվել քննության 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 4 ամսով:

Զեկուցվել է, որ շրջանառվել է փաթեթ, որով՝ կնախատեսվի քրեական պատասխանատվություն վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը չկատարելու համար: Կխստացվեն նույն արարքների համար նախատեսված քրեական, իսկ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում՝ նաև վարչական պատասխանատվությունը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին և դրա լավարկմանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այդ գործընթացը և նշել․ «Մեզ մոտ, իրականում, վերջին տասնամյակներում պրակտիկան ո՞րն է եղել․ մենք ժամանակ առ ժամանակ դիմում ենք համաներման ինստիտուտին, որը չի անհատականացնում, այսինքն՝ մարդուն չի գնահատում, այլ հոդվածն է դե յուրե գնահատում։ Այժմ մենք պետք է գնանք այլ տրամաբանությամբ և անհատական գնահատման համակարգ գործի, որը նաև կարևոր է կառավարելիության և վերասոցիալականացման տեսակետից»։

Բարեփոխումների շրջանակում՝ պարտապանին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հունվարի 1-ից սահմանվել է 7 800 000 դրամ՝ նախկին 4 900 000 դրամի փոխարեն:

2025-ի Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն է մուտք եղել 300-ից ավելի արբիտրաժային, 200-ից ավելի հաշտարարության գործ:

Բարելավվել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ 2025թ․ սեպտեմբերին ներդրվել է Նախարարության թեժ գծի համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն զանգահարել և ստանալ տեղեկատվություն ՔԿԱԳ-ի, ՀԿԱԾ-ի, Վարչական դատավարության, Ռեգիստրի, ինչպես նաև Նախարարության իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ։ 16110 զանգ է ընդունվել, որից 8289-ին պատասխանվել է արհեստական բանականության համակարգի միջոցով, ըստ այդմ՝ 49% կրճատվել է ֆիզիկական պատասխանը:

Զեկուցվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025 թ․ ընթացքում հօգուտ պահանջատերերի բռնագանձել է ավելի քան 64 մլրդ դրամ, ինչը 2024-ի համեմատ ավելի է 6 մլրդ 252 մլն դրամով կամ 11 տոկոսով։ Նշված բռնագանձված միջոցներից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 20 մլրդ 819 մլն դրամ, որը 2024-ի համեմատ ավելի է 8 տոկոսով։

Թվայնացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունները։ Արդեն իսկ հնարավոր է երեխայի ծնունդի, ամուսնության, հայրության ճանաչման և մի շարք այլ ծառայություններից օգտվել առցանց եղանակով: Երկու ամիսների ընթացքում 104 ամուսնություն գրանցվել է առցանց եղանակով:

ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում ընդգծվել են նախարարության իրավասությանն առնչվող 26 ուղենիշներ, 3 ոլորտային ուղղություններով: Մշակվել է Նախարարության գործողությունների իրականացման ժամանակացույցը:

Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, միասնական դատական վարչարարության և դատական գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը: Նախատեսվում է ներդնել քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, Էլեկտրոնային նոտարիատի համակարգը, Սնանկության էլեկտրոնային համակարգը, դատական վիճակագրության ավտոմատացումը: Կսահմանվեն նաև քրեական գործերի քննության ժամկետներ և դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, ապացույցների հետազոտման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ կարգավորումներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական