Հասարակություն

Նախարարը հայտնել է՝ որ ընկերությունները կազատվեն մաքսատուրքից

Նախարարը հայտնել է՝ որ ընկերությունները կազատվեն մաքսատուրքից

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսաուղերձում անդրադարձել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝ մաքսատուրքի արտոնության մասին:

«Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում. այն գործարարները, ներդրողները, որոնք Կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, Կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից»,- ասել է նա: Պապոյանի խոսքով, նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել. «3405 աշխատատեղ է ստեղծվել, և ես ուզում եմ նշել, որ ՀՀ Կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած՝ առանց բացառության»:

Ըստ նախարարի, նախորդ տարի 100 մլն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել. «Այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ՀՀ պետական բյուջե մտներ, և 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որ 100 մլն 500 հազարը մնար ՀՀ-ում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը: Բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք, և եթե կան այդպիսի նախաձեռնություններ, դիմեք»:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական