Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է․ պահանջում է համատեղ ջանքեր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է․ պահանջում է համատեղ ջանքեր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, իրավունքահեն ու արժեքահեն միջավայր, հավատ սեփական ուժերի ու ապագայի հանդեպ։ 2025 թվականը մարտահրավերներով լի, միևնույն ժամանակ` ձեռքբերումների տարի էր, որի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առաքելությունը մեր աշխատակազմի կողմից իրականացվել է մեծ նվիրումով և սկզբունքայնությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԻՊ աշխատակազմին՝ անշեղ նվիրումի, մասնագիտական պատասխանատվության և մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության համար։

Մեր հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության անխախտելիության և հավասարության սկզբունքների վրա։ Մեր ջանքերը միտված են լինելու ոչ միայն խնդիրներին արձագանքմանը, այլև համակարգային խնդիրների կանխարգելմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Մենք պետք է կարողանանք ամրապնդել այն գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որը պահանջում է համատեղ ջանքեր, համերաշխություն և հանրային պատասխանատվություն, իսկ արդարության և հավասարության արժեքներն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է կայուն, ժողովրդավարական և մարդակենտրոն հասարակությունը։

Մաղթում եմ, որ գալիք տարին դառնա նոր հնարավորությունների, խաղաղ համակեցության, համերաշխության, արժեհամակարգային առաջընթացի և փոխադարձ հարգանքի տարի՝ հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման և հասարակական բարեկեցության։ Թող Ամանորի այս օրերը ձեր տներն ու սրտերը լցնեն ջերմությամբ, իսկ սերը, մարդասիրությունն ու միասնականությունը լինեն մեր հասարակության մշտական ուղեկիցը»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական