ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 30-ին հանդիպել է պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ մի շարք օբյեկտների պահպանությունը ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին։
Այդ համատեքստում Արմեն Մկրտչյանը նշել է, որ գործընթացի սահուն անցման նպատակով ՆԳ նախարարությունը, որպես լիազոր մարմին, պատրաստ է մեթոդապես աջակցել մասնավոր հատվածին՝ պահպանությունը պատշաճ իրականացնելու համար: Նա նշել է, որ այդ օբյեկտները ունեն առանձնահատկություններ, որոնք կարևոր է տիրապետել և դրանց պահպանությունն առավել զգոն կազմակերպել։
Միաժամանակ Արմեն Մկրտչյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև օրենսդրական մյուս կարգավորումները, ըստ որոնց՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված նոր պահանջներին և այդ պահանջները չկատարելու դեպքում նախարարությունն իր մանդատի շրջանակում հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։
Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման ընթացքում առաջացած կազմակերպչական և իրավական խնդիրները, պետական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները։
Անդրադարձ է կատարվել նաև անձնակազմի համալրման և պատրաստվածության հարցերին, պահնորդների տարիքային շեմին և զենքի լիցենզավորման գործող ընթացակարգերին։ Կազմակերպությունների կողմից բարձրաձայնված խնդիրները գույքագրվել են՝ դրանց արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը՝ վստահեցնելով, որ պատշաճ կերպով ապահովելու են պահպանությունը և պատրաստակամություն հայտնել ներգրավվել առաջարկվող լուծումների մշակման գործընթացում, իսկ ՆԳ նախարարությունը մշտադիտարկելու է ընթացքը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ոլորտի լավարկման նպատակով նմանօրինակ հանդիպում-քննարկումները շարունակական են։