Հասարակություն

Ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա. ՏԿԵ նախարարության 2025թ. կարևոր իրադարձությունները

Ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա. ՏԿԵ նախարարության 2025թ. կարևոր իրադարձությունները

2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործունեության մեջ առանձնացել են մի շարք կարևոր ձեռքբերումներ՝ ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա և կրթական ենթակառուցվածքներ:

Ճանապարհային ոլորտում իրականացված աշխատանքների շնորհիվ հիմնանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է ընդհանուր 500 կմ ճանապարհ․ այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանը պատասխանել են նախարարությունից:

Էներգետիկայի բնագավառում էլ առաջընթաց է գրանցվել: ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թ.) նախատեսվում էր մինչև 2030 թ. ունենալ գումարային 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ: 2025 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ էներգահամակարգին միացված արևային կայանների ընդհանուր հզորությունը կազմել է 1062,8 ՄՎտ՝ գերազանցելով նպատակային ցուցանիշը:

Օդային հաղորդակցության ոլորտում կարևոր զարգացում է եղել Wizz Air ավիաընկերության գործունեության ընդլայնումը: Հոկտեմբերին ընկերությունը բազավորվել է Հայաստանում՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու օդանավակայաններում, ինչը նպաստել է նոր ուղղությունների բացմանը և ավիաշուկայի ակտիվացմանը:

Մեկ այլ նշանակալի իրադարձություն է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կրթական օբյեկտների նորոգումը, կառուցումը և վերակառուցումը: Ծրագրի իրականացումը շարունակվում է, և նախատեսվում է ավարտել 2026 թ.:

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ 2025 թ. ընթացքում իրականացվել են 61,8 մլրդ դրամի սուբվենցիոն աշխատանքներ: Այս թիրախային ծրագրերի շնորհիվ բարելավվում են համայնքային ենթակառուցվածքները՝ դրականորեն ազդելով համայնքների և բնակիչների կյանքի որակի վրա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական