Հասարակություն

Այսօր Սուրբ ծննդյան տոնն է

Այսօր Սուրբ ծննդյան տոնն է

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Սուրբ Ծնունդը նաև կոչվում է Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով Աստված հայտնվեց աշխարհին:

«Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ». Մարգարեական այս խոսքերը վերաբերում են Քրիստոսի Ծննդյանը և առիթ տալիս մտորումների։       

Ըստ եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում: Եվ ուրեմն՝ հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է:

Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը:

Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է։

Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցիներում հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: 

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Սա հոգևոր կյանքի հրամայականն է. ծնվել իբրև մանուկ, Մանկան նման աճել, զորանալ շնորհներով և իմաստությամբ, որպեսզի պատրաստ լինենք նվիրաբերել մեր կյանքը ճշմարտությամբ, արդարությամբ, ողորմությամբ և սիրով՝ հանուն  Աստծո փառքի ու մեր փրկության։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական